Home / Армения / Փաշինյանին Արթիկ տեղափոխելը «բեսպրեդելի» արտահայտություն է. ՀԱԿ

Փաշինյանին Արթիկ տեղափոխելը «բեսպրեդելի» արտահայտություն է. ՀԱԿ

«Ի հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման և ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը», – ասված է Հայ Ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Կոնգրեսը նշում է, որ «Կոշում» Փաշինյանի վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաև 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում են, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։

«Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը և լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս, ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում և արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար», – նշում են հայտարարության հեղինակները։

Նրանք նշում են, որ «Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության և հետևողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում»։