Աշխարհում ամենաերկար ուղևորատար հետադարձելի «Տաթևի թևեր» ճոպանուղին հանրային գործարկումից` հոկտեմբերի 23-ից մինչև օրս սպասարկել է ավելի քան 7000 այցելուի, որից 1500-ը հարակից գյուղերի բնակիչներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը
Հանրային գործարկումից երկու շաբաթ անց նոյեմբեր ամսվա սկզբում «ՏաԹևերը» անցել են ամառայինից ձմեռային ռեժիմի: Դրանից հետո ճոպանուղին գործում է անխափան:
«Իրականացվեցին մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների համապատասխանեցում փոփոխվող ձմեռային եղանակային պայմաններին: Դրանից հետո աշխարհում ամենաերկար ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին յուրաքանչյուր օր սպասարկում է մի քանի հարյուր ուղևորների ոչ միայն Սյունիքի և ՀՀ այլ մարզերից այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից»,- մեկնաբանել է Տիգրան Ղազարյանը:
Նա նշել է, որ ճոպանուղու խցկիները պահվում են վեց ճոպաններով` երեքական յուրաքանչյուրի կողմի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում է: «ՏաԹևեր»-ն ունի նաև հիդրավլիկ շարժաբերով երկու դիզելային շարժիչ, որոնք միանում են էլեկտրաէներգիայի անջատման կամ եղանակային ծայրահեղ պայմանների դեպքում: Երկու հիդրավլիկ շարժաբերները գործում են միմյանցից անկախ, հետևաբար ապահովում են կրկնակի անվտանգություն:
Բացի այդ, Ղազարյանի խոսքով, ճոպանի անխափան գործունեության համար հատուկ կառուցվել է առանձին ենթակայան իր հոսանքալարերով, ինչպես նաև տեղափոխվել են մի քանի բարձր լարման կայմեր, որոնք գտնվում էին օդային անցուղու առանցքում: