Home / Армения / Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիմնականում տղամարդիկ են տառապում

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիմնականում տղամարդիկ են տառապում

1988թ. մինչև 2010թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակով հիվանդ 956 ՀՀ քաղաքացի, որոնցից 149-ը` 2009թ. ընթացքում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 688 մարդ (72 %), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 268 դեպք (28 %): ՄԻԱՎ վարակի 20 (2 %) դեպք է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 58,4 %-ը 25-39 տարիքային խմբում են:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51,4 %) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39,5 %): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,4 %):

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 460-ի մոտ (կին`108, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 84-ի մոտ` 2009թ.: Հայաստանում համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 228 դեպք: Մահացածների թվում կան 38 կին և 4 երեխա:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 402 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 42,1 %-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 11,3 %: