Աստանայում կայացած գագաթաժողովին ստորագրված հնգակողմ հայտարարությունը կարևորվում է նրանով, որ այնտեղ հղում է կատարվել ՄԱԿ-ի Կանոնադրությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զորհրաբյանը:
Նա Աստանայում հնչած ելույթներից բարձր է գնահատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթը, որում, ըստ Զոհրաբյանի, հստակ նշվել է Լեռնային Ղարաբաղի հարցում ուժ կիրառելու անթույլատրելիությունը:
«Ինչպես նաև կարևոր էր ԱՄՆ պետդեպի ելույթը, որը հաստատել է ԼՂ խնդրի կարգավորման գործում երեք սկզբունքների` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում, հավասարազոր կիրառում»,- ասել է բանախոսը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը ուժի դիմի, Հայաստանը պատրաստ է դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ նորմալ է վերաբերում այդ հայտարարությանը:
«Եթե նման բան լինի, մենք ռազմավարական դաշինք կկնքենք Լեռնային Ղարաբաղի հետ, որին անմասն չի մնա Ռուսաստանը, քանի որ մենք ռուսների հետ արդեն իսկ ունենք ռազմավարական համագործակցություն»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա նաև հավելել է, որ ամեն դեպքում, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Աստանայում վերջին հայտարարության տակ ստորագրած երկրները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ այդ հայտարարությամբ բոլոր պետությունները համաձայնության են եկել ուժի չկիրառման հարցում: