Քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Արամ Բարեղամյանի համար այսօր բողոքի ակցիա անցկացվեց Հրազդան քաղաքում: Ակցիայի մասին Epress.am-ին տեղեկություններ հաղորդեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Կոնգրեսի ներկայացուցիչներից Հրազդան էին մեկնել Սամվել Աբրահամյանը, Սարգիս Թամազյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Մկրտիչ Սափեյանը և այլք: Սամվել Աբրահամյանն ակցիան անվանեց մինի հանրահավաք, որին մասնակեց են մինչև հինգ հարյուր հոգի, հնչել է տասը ելույթ:
«Արամը Հրազդանի ՀՀՇ ղեկավարն է, Սասունը` ազատամարտիկների առաջնորդն է: Ես հետևյալ ասոցիացիաները տարա, որ 88-90-ական թվականներին Համազգային Շարժումը ՀՀՇ-ն էր ղեկավարում և նրա կողքին ազատամարտիկներն էին: Ուս-ուսի տված` նրանք կերտեցին անկախ պետություն, հետո` ուս-ուսի տված, Ղարաբաղյան ազատամարտի հաղթանակները տոնեցին, հետո` ուս-ուսի տված, անկախ պետականության հիմքերը սկսեցին դնել, հիմա` ուս ուսի տված, բանտում են նստած, որովհետև այն իդեալները, որոնց համար նրանք պայքարել են քսան տարի առաջ, այսօր, ցավոք սրտի, արդիականությունը չեն կորցրել: 1988-ին սովետական ամբողջ պատժիչ մեքենան էր մեր դեմ` մենք հաղթեցինք, այսօր` քրեական հանցագործների պատժիչ մեքենան է մեր դեմ, միևնույն է, հաղթելու ենք», – ասել է Աբրահամյանը:
Գագիկ Ջհանգիրյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք եկել են Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանությունենրին զգուշացնելու, որ «ինչքան շուտ ազատ արձակեք տղաներին, այնքան ավելի շուտ մենք կլուծենք ձեզ ճանապարհելու հարցը: Մեր առաջին նպատակը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, բայց, տղաներին ազատելով, ոչ մի բան չի ավարտվում, նոր է սկսվում, այնպես որ, քաղբանտարկյալների ազատ արձակումը պայքարի վերջը չէ, դա մեր պայքարի իսկական սկիզբն է, այս իշխանությունների վերջի սկզիբն է»: