Ցավոք սրտի, խորհրդարանական մեծամասնությունն իր վրա է վերցրել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը տապալելու համարձակությունը: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր չընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը, քանի որ պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց սատարել այն:
Օրինագծին կողմ քվեարկեցին միայն «Ժառանգության» և «Դաշնակցության» 13 ներկայացուցիչներ: Կոալիցիոն քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը:
Տապալումը, պատգամավորի խոսքերով, նշանակում է, որ Արցախի անկախության հարցը չի քննարկվի ՀՀ ԱԺ-ում.
«Այն կքննարկվի Լ’Ակվիլայում, լավագույն դեպքում` Աստանայում, բայց մեր շահերի դեմ»:
Տապալման ու դրանից բխող բոլոր հետևանքների համար պատասխանատվությունն, ըստ Սաֆարյանի, ընկնում է իշխանությունների վրա:
«Ղարաբաղի անկախության ճանաչումը թողնվում է բախտի քմահաճույքին», – եզրափակեց Ստեփան Սաֆարյանը: