Դեկտեմբերի 9-11-ը Թբիլիսիում անցկացվող Youth in politics ծրագրի շրջանակներում հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդները: Ծրագիրն իրականացվում է հոլանդական IKV Pax Christi խաղաղապահ կազմակերպության կողմից:
Հանդիպմանն Ադրբեջանից մասնակցում էին Dalga Երիտասարդական շարժման, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացնում էին Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Պահպանողական Կուսակցությունների երիտասարդական թևերը, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչները:
Լեռնային Ղարաբաղից Վրաստան էին մեկնել Արցախի Դեմոկրատական, «Ազատ Հայրենիք» կուսակցությունները և Հելսինկյան նախաձեռնություն-92-ը:
Հանդիպման համակարգողն էր հարկադրաբար տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիայի ղեկավար Յուլիա Խարաշվիլին:
Հանդիպման մասնակիցները փորձում էին ձևակերպել իրենց երկրներում երիտասարդներին մտահոգող հիմնական խնդիրները, քննարկում էին դրանց պատճառները և հաղթահարման միջոցները: Հոլանդացիները կազմել էին նաև հանդիպմանը մասնակցող երկրներում գոյություն ունեցող խնդիրների ցուցակ:
Պարզվեց, որ 4 երկներում էլ առկա են մատչելի կացարանի հետ կապված խնդիրներ: Կովկասի հիմնական խնդիրը կրթության թանկ գինն ու ցածր որակն է: Այս խնդրի հետ կարող է մրցակցել միայն աշխատանքի տեղավորման հարցը: ԲՈՒՀ-երի կառավարման հարցում ուսանողների աննշան դերն ընդգծել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Սոցիալ-տնտեսական հարցերից բացի, Հայաստանի ներկայացուցիչները նշեցին անկախ հեռուստաընկերությունների հանդեպ կիրառվող ֆինանսական ճնշումը:
Այն քաղաքական խնդիրները, որոնց բախվում են Ադրբեջանի ուսանողները, ավելի լայն շրջանակ են պարունակում` երիտասարդների մասնագիտական աճի սահմանափակումից սկսած մինչև երիտասարդական շարժումների ակտիվիստների ձերբակալություններն ու համալսարաններում քաղաքական հայացքների հետ կապված խտրականության դրսևորումները: Քննարկումների արդյունքում առանձնացվել է Հարավային Կովկասի 6 տարածաշրջաններում առկա մեկ ընդհանուր խնդիր, այն է` գիտելիքների պակասն ու հարևան երկրներում կատարվող իրադարձւթյունների հանդեպ հետաքրքրության բացակայությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական ֆորումի անդամները, Սուխումիի Պետական Համալսարանի, երիտասարդները: Նրանք նույնպես իրենց գնահատականն են տվել Վրաստանում երիտասարդների խնդիրներին: