Օրաթերթի տեղեկացմամբ` երեկ առավոտյան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ մեկնել էր ԱՄՆ` գործուղման, վերադառնալով` իր աշխատասենյակը հայտանբերել էր տակնուվրա արված:
Անհայտ անձինք, ըստ ամենայնի, գրասենյակի պատշգամբից ներս են մտել իրավապաշտպանի աշխատասենյակ, քրքրել են աշխատասենյակի վրա եղած թղթերն ու դարակները` տարօրինակ տրամաբանությամբ թողնելով Զեյնալյանի համակարգչի ուղեղը` պրոցեսորը, գողացել են մոնիտորը, դարակներից մեկում եղած 16 հազար դրամը, նաև կուսակցության սենյակներից մեկում եղած ալեհավաքի կոդազերծող սարքն ու հեռակառավարման վահանակները, խոհանոցից` եղած սուրճը, ու հեռացել: Որ ինչ-որ բան գողերը փնտրել են` պարզ է, թեև փաստ է նաև այն, որ նրանց հետաքրքության շրջանակներում Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործի նյութերը` մի քանի հատորներով, որոնք թափված են եղել գետնին, չեն եղել: Ասացինք, որ գողերը, թերևս, պատուհանով են մտել Զեյնալյանի աշխատասենյակ, որովհետև նախ` կուսակցության գրասենյակի դուռը վնասված չի եղել, իսկ Զեյնալյանի աշխատասենյակ հանցագործները մտել են փակ դռան ապակին կոտրելու միջոցով: «Առավոտի» հետ զրույցում Ա. Զեյնալյանն ասաց, թե «ողջամիտ տրամաբանությունն ասում է, որ կատարված հանցագործությունը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ»: