Այս պահի դրությամբ ինը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հասարակական դիտորդական առքելություն են կատարում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չունեն համապապատասխան վկայականներ, որոնցով նրանք կկարողանային մուտք գործել ՔԿՀ-ներ:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ես այսօր արդեն համապատասխան նամակներ եմ ուղարկել քրեակատարողական վարչություն և ՀՀ Արդարադատության նախարարություն` պահանջելով, որ շուտափույթ լուծեն վարչության և նախարարության միջև եղած տեխնիկական անհամաձայնությունները, որոնց պատճառով մեր խմբի աշխատանքներն են խափանվում»,- ասել է իրավապաշտպանը:
Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այդ տեխնիկական խնդիրները միտումնավոր առաջացած լինեն, Սաքունցն ասել է, որ չի ցանկանում նման մեղադրանք առաջադրել, բայց նշել է, որ իրենք հետևողականորեն հետևելու են գործի ընթացքին:
«Բոլոր հնարավորությունները սպառենք, այնուհետև եթե պարզվի, որ միտումնավոր էին առաջացրել այս տեխնիկական խնդիրները, ես մամուլի ասուլիս կհրավիրեմ և կանեմ համապատասխան հայտարարությունը»,- ասել է Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը` իրավապաշտպանը նշել է, որ այն, ինչ կատարվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես վերջինիս իրավունքների ոտնահարում է:
«Արտաքին աշխարհի հետ կապից զրկումը մարտահրավեր է Նիկոլին. այս ձևով ցանկանում են խոչընդոտել նրա լրագրողական աշխատանքը: Ընդհանրապես, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների անվտանգության երաշխիքներից մեկը հանդիսանում է նաև արտաքին աշխարհի հետ կապը, և դրա բացակայության պատճառով հնարավոր է` Նիկոլը հանգել է այն եզրակացության, որ իր անվտանգությանը սպառնալիք կարող է լինել»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Սաքունցը: