Րոպեներ առաջ Երևանի ավագանու նիստում հայտարարվեց, որ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանը:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի տվյալների` Կարապետյանի թեկնածությանը կողմ է 50 մարդ, իսկ դեմ` մեկ մարդ: Այդ քվեաթերթիկի հետ ուշագրավ պատմություն է տեղի ունեցել: Համաձայն քվեարկության կանոնների` դեմ քվեարկելու դեպքում պետք է խաչ դնել կողմ վանդակի վրա, մինչդեռ միակ բացասական քվեի դեպքում, ոչ թե խաչ էր դրվել, այլ, այսպես կոչված, «պտիչկա»: Երևանի ավագանու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի կարծիքով` այդ քվեաթերթիկը պետք է անվավեր ճանաչվեր:
«Եթե այդ մարդը դեմ քվեարկած լիներ, պետք է կողմ վանդակի մեջ խաչ դներ, բայց տվյալ մարդը «պտիչկա է» դրել: Ըստ այդմ, իմ կարծիքով, այդ քվեաթերթիկը պետք է անվավեր ճանաչել»,- ասել է Նահապետյանը:
Այնուամենայնիվ, դա չի խանգարել Կարեն Կարապետյանին ընտրվել Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, նոր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո օրենքով սահմանված կարգով երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: