Միջազգային հանրությունն արդեն արձագանքել է Բելառուսի ընդդիմադիրների հանրահավաքը ցրելու, ինչպես նաև նախագահի թեկնածուներին ծեծի ենթարկելու հանգամանքին: Սակայն Ռուսաստանն առայժմ լռում է այդ հարցում:
Մինսկում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Բելառուսում ԱՄՆ դեսպանը, ով դատապարտել է իշխանությունների` թույլատրելի սահմաններն անցնող ուժի կիրառումը: Առավել մեծ մտահոգության առիթ է տվել նախագահի թեկնածու Վլադիմիր Նեկլյաևին ծեծի ենթարկելու և այնուհետև նրան բռնի կերպով հիվանդանոցից դուրս բերելու փաստը:
Մինսկի իրադարձությունները դժգոհության ալիք են բարձրացրել նաև Եվրախորհրդարանում, որի նախագահ Եժի Բուզեկը իրավիճակը որակել է որպես վախկոտ մարդու հարձակում անօգնական թեկնածուի վրա` նշելով, որ նման արարքը պարզապես անընդունելի է և խայտառակիչ: Բուզեկը նաև հայտարարել է, որ նման պահվածքն անընդունելի է միջազգային հանրության համար և պահանջել է Լուկաշենկոյից անմիջապես դադարեցնել բռնությունն ու պատժել նրանց, ովքեր որևէ կապ ունեն այդ միջադեպի հետ:
ԱՄՆ-ի և Եվրախորհրդարանի կտրուկ հայտարարության ֆոնի վրա պետք է նշել, որ Ռուսաստանը դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Այսօր Մինսկում սպասվում է ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդների ճեպազրույց: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` հնարավոր է, որ այսօր մամուլի ասուլիս հրավիրի նաև Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում: