ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտից հետո` դեկտեմբերի 10-ից սկսած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է խորհրդարանն արձակել, քանի որ դրա համար Սահմանադրությամբ պահանջվող իրավական հիմքերն այլևս ստեղծված են: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ԱԺ-ն արձակելու հիմքերն առկա են ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածում. «Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե` ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ»: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին որոշել է անհետաձգելի համարել աղբահանության սակագների թանկացում նախատեսող օրենսդրական փաթեթը, որով միանգամից հինգ օրենքներում պետք է փոփոխություններ արվեին: Սեպտեմբերի 14-ին օրենսդրական այդ փաթեթն ընդգրկվել է ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ և հաջորդ օրն ընդունվել առաջին ընթերցմամբ: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն, անհետաձգելի ճանչաված օրենդրական փաթեթը ամբողջությամբ պետք է ընդունվի երկամսյա ժամկետում: Տվյալ դեպքում ԱԺ-ն ամենաուշը նոյեմբերի 15-18-ի ԱԺ քառօրյայի ընթացքում նշված օրենսդրական փաթեթը պետք է երկրորդ ընթերցմամբ ընդուներ կամ ընդունումը մերժեր, ինչը չի արվել:
Այդ նախագծերի խնդիրը չի լուծվել նաև աշնանային հերթական նստաշրջանի վերջին` դեկտեմբերի 6-9-ի քառօրյայում: ԱԺ-ն ցրելու սահմանադրական հիմքն այլևս պատրաստ է: Այդ օրենսդրական փաթեթը դեկտեմբերի 13-22-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը և քվորումի բացակայության պատճառով դրա ընդունումը մերժելը խնդրի էությունը չի փոխել:
«Միամտություն կլինի կարծել, թե այս ամենը պատահաբար է ստացվել: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է եղել ձեռքի տակ ունենալ ԱԺ-ն ցրելու սահմանադրական հիմք, որն էլ նրա համար ստեղծվել է: Արդյոք նա կօգտագործի՞ այդ հիմքը, թե՞ ոչ, կպարզվի առաջիկայում», – գրում է օրաթերթը: