Հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանը` կեղծանունը Պզո, Ամանորյա տոները տանը չի նշի, հաղորդում է New York Post-ը:
Երեկ Նյու-Յորքում ԱՄՆ-ի դատարանը մերժեց գրավի դիմաց ազատելու մասին Արմեն Ղազարյանի դիմումը:
Նիստի ընթացքում դատավոր Փոլ Գարդիֆը նշել է, որ Արմեն Ղազարյանն «անբացատրելի հարստություն» ունի և կարող է հեշտությամբ փախչել ԱՄՆ-ից:
Գարդիֆի խոսքով` Ղազարյանը 350,000 դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս» մակնիշի ավտոմեքենա է վարում, 600,000 դոլար արժողությամբ տուն ունի Կալիֆորնիայում, Լաս Վեգասի խաղատներում 1 միլիոն է ծախսում և հաճախ մեկնում է արտասահման, այնինչ համաձայն պաշտոնական փաստաթղթերի նա ամսեկան 1500 դոլար է աշխատում որպես օգտագործած մեքենաների վաճառքի գործակալ:
Դատավորը նաև նշել է, որ Ղազարյանի «լուրջ կապերը Հայաստանում, որի հետ Միացյալ Նահանգները չունեն արտաքսման մասին համաձայնագիր, նրա փախչելու մեծ ռիսկ են պարունակում»:
Ղազարյանի փաստաբան Մարկ Գերակոսը իր պաշտպանյալի դեմ հարուցած գործն անվանել է «ծիծաղելի»` նշելով, որ պետք է խորհրադկցի Ղազարյանի հետ, որից հետո էլ կկայացվի դատարանի վճիռը բողոքարկելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում իրավապահ մարմինները բացահայտել էին հայ-ամերիկյան խմբավորման գործունեությունը, որը գոյություն չունեցող հիվանդանոցների ցանցի միջոցով միլիոնավոր դոլարներ է կորզել Medicare ապահովագրական հիմնադրամից: Խմբավորման առաջնորդը` Արմեն Ղազարյանը, ինչպես նաև կարտելի մոտ երեք տասնյակ մասնակիցներ ձերբակալվել էին: Նրանց մեղքն ապացուցվելու դեպքում խմբավորման անդամներից շատերին ցմահ ազատազրկում է սպասում: