Այս ամսվա սկզբին Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ամանորի նախաշեմին Լուսակերտի ձվի գինը չի թանկանա: Լրագրողների հարցին, թե արդյոք վերևներից հրամանի դեպքում էլ չի լինի թանկացում, Մանասե Եփրեմյանը կեսկատակ պատասխանել էր, որ իր համար վերևն իր զոքանչն է, իսկ նա նման հրաման չի տա:
Սակայն արդեն մի քանի օր է` խանութներում ձուն վաճառվում է 70-100 դրամի սահմաններում:
Epress.am-ը փորձել է կապվել Մանասե Եփրեմյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցիչները մեզ հայտնեցին, որ «այստեղ ոչ ոք իրավասու չէ պատասխանել ձվի գնի բարձրացման համար» և որ Եփրեմյանը Լուսակերտում է, իսկ այնտեղ հեռախոսը չի աշխատում: