Հայ-թուրքական գործընթացից Թուրքիան հավելյալ բոնուսներ էր ակնկալում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ Դեմոյանի` այդ բոնուսները մի քանիսն են:
«Առաջինը` ակտիվացնել և հասնել ղարաբաղյան հիմնահարցում որոշակի շարժերի` ի օգուտ Ադրբեջանի, փորձել համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ իրենց` պատմաբանների հանձնաժողովների գաղափարը ընդունելություն է գտել հայկական կողմում, և հասնել նրան, որպեսզի հայ-թուրքական սահմանի հետ կապված սահմանեն այն սահմանագիծը, որը գոյություն ունի այժմ», – նշել է Դեմոյանը:
Թուրքիայի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների չվավերացումը բանախոսը բացատրել է նրանով, որ «թուրքական հաշվարկով` որևէ բան Թուրքիան չէր ստանում»:
«Նախ և առաջ, աղերսանք-խնդրանքի նմանվող` մի բան արեք ղարաբաղյան ճակատում, որպեսզի մենք պարզերես լինենք Ադրբեջանի առջև, նշանակում է, որ մի
կողմից Թուրքիան կախված էր Հայաստանից որևէ քայլ կատարելուց, մյուս կողմից`
կախված էր Ադրբեջանի արձագանքից>, – ասել է Ցեղասպանության
թանգարանի տնօրենը:
Պաշտոնական Երևանի պահվածքը, կարծում է Դեմոյանը, լուրջ ազդակ ուղարկեց երկու հասցեատերերին. «Որևէ պարագայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ակնկալել որևէ միակողմանի զիջում ուղղակի անմտություն է և միամտություն»:
Հայկ Դեմոյանն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի` Կոնգրեսի օրակարգ մտնելուն: Դեմոյանը չի հասկանում, թե որքան կարելի է սպասել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի «ցեղասպանություն» բառն արտաբերելուն:
«Ես այն մարդկանցից չեմ, որ ի սկազբանե ինձ դատապարտեն հիասթափության: Ես փորձում եմ այլ ուղղությամբ աշխատանք տանել, գրանցել արդյունք», – եզրափակել է Դեմոյանը: