Ռուսաստանում բարդ է ապացուցել, թե որ հանցագործություններն են կատարվում ազգատյացության, ռասիզմի պատճառով: Իրավապահները շատ հաճախ նման հանցագործությունները ներկայացնում են որպես կենսական հողի վրա կատարված հանցագործություններ, փաստորեն, կոծկելով դրանք:
«Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենի տեղակալ Գալինա Կոժեվնիկովան Esquire հանդեսի ռուսաստանյան տարբերակի լրագրողին պատմել է, թե որ քաղաքներն են հատկապես առանձնանում ռասիստական հանցագործություններ թվով և ինչպես է փոխվել իրավիճակը վերջին տարիների ընթացքում: Esquire-ը հոդվածն անվանել է «Ռասիստական դաշնություն»:
«Նեոնացիաստական և ռասիստական հողի վրա կատարվող հանցագործությունների ամենօրյա, համակարգված մոնիտորինգը մենք սկսել ենք 2004 թվականից: Տեղեկատվությունը վերցնում ենք մի քանի աղբյուրներից:
Առաջին հերթին, դա մամուլն է, որտեղ ամենից հաճախ են հայտնվում նման հաղորդումներ: Երկրորդը՝ Մոսկվայի հելսինկյան խմբի մոնիտորինգն է, բացի այդ մեր անձնական մոնիտորինգը, որը երկու տարի անցկացնում ենք ՌԴ 8 տարածաշրջաններում: Նաև իրավապահ մարմինների հաղորդումներն են և բլոգերը, որոնք նման տեղեկատվություն պարունակում են: Մենք կապվում ենք բլոգերի հետ և երբեմն պատասխան նամակ ենք ստանում: Լինում են դեպքեր, երբ տուժածներն իրենք են մեզ դիմում, բայց դա շատ հազվադեպ է լինում», – պատմում է «Սովայի» փոխտնօրենը:
Կոժեվնիկովայի խոսքով՝ իրավապահ մարմինները՝ հատկապես շրջաններում, տեղեկատվությամբ այդքան էլ հաճախ չեն կիսվում: Տեղեկատվություն կարելի է ստանալ նաև հակաֆաշիստական ֆորումներից, բայց այդտեղ ավելի շատ գեղարվեստական տեքստեր են, քան իրական փաստեր:
Կոժեվնիկովան նշում է, որ նախկինում իրենց կենտրոնում համոզված էին, որ ռասիստական բնույթի բոլոր հանցագործությունների չորրորդ մասը հայտնվում է իրենց տեղեկատվական բազայում:
«Բայց հիմա հասկանում ենք, որ կարող է լինել ավելի քիչ: Դրա համար մի շարք պատճառներ կան` ռասիստական հանցագործությունները բավականաչափ ձևափոխվել են: Հիմա նացիստները շատ հաճախ իրենց գործողությունները քողարկում են ավազակային հարձակումների տակ, որովհետև գիտեն, որ այժմ նացիստական հարձակումները լրջորեն հետաքննվում են, հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, իսկ ավազակային հարձակման դեպքում չբռնվելու լավ հնարավորություն կա», – ասում է Կոժեվնիկովան:
Նա նշում է, որ այս պահին ամենավատ իրավիճակը Նիժնի Նովգորոդում է:
«Նիժնիում նեոնացիստներին հայտնաբերում են, բայց եթե նրանք մարդ չեն սպանել բաց են թողում պայմանական պատժաժամկետ կիրառելով: Նիժնին Ռուստաստանում Մոսկվայից և Պիտերից հետո ռասիստական բռնության կիրառմամբ երրորդ քաղաքն է, և երրորդն է նաև, որտեղ նացիստական ընդհատակ կա: Վերջին շրջանում վատթարանում է իրավիճակը Վլադիվոստոկում, ինչպես նաև Ստավրոպոլում, որտեղ նեոնացիստաներից բացի, սկսել են գործել կովկասցիների ազգայնամոլական խմբավորումներ: Մեր վիճակագրության մեջ չի մտնում Հյուսիսային Կովկասը, որտեղ մեր մոնիտորինգի հիմնական դրույթներն այնտեղ պարզապես չեն աշխատում», – պատմում է «Սովայի» փոխտնօրենը:
Միակ բանը, որ ուրախացնում է, նշում է Կոժեվնիկովան, այն է, որ ռասիզմի հողի վրա կատարված հանցագործությունները սկսել են ընդունել հենց իրենք` իրավապահ մարմինները:
«Այժմ իրավապահները չեն վախենում նման մեղադրանքներով դատարան գնալ: Վերջին տարիներին այս ոլորտում դատավճիռների և մեղավոր ճանաչված անձանց քանակը կտրուկ աճել է: Բայց մեծ հաշվով միակ քաղաքը, որտեղ իրավապահ մարմինների ակտիվ աշխատանքն օգնել է փոխել իրավիճակը դա Վորոնեժն է: Մյուս բոլոր ոչ մայրաքաղաքային վայրերում իրավիճակը միայն վատանում է», – եզրափակել է Կոժեվնիկովան: