Թուրք լրագրող Նեդիմ Շեների նոր գրքում հերթական բացահայտումներն են ներկայացվում կապված Հրանտ Դինքի սպանության հետ: «Կարմիր ուրբաթ, Դինքի մատիտը ո՞վ կոտրեց» նոր գրքում Շեները ոստիկանական փաստաթուղթ է հրապարակում, որում նշված է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները տեղյակ են եղել` Դինքը մահվան սպառնալիք է ստացել 2004 թվականի մարտի 2-ին: Այս մասին հաղորդում է «Ագոս» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանության պնդմամբ, մինչ Դինքի սպանությունն իրենք տեղյակ չեն եղել հայազգի լրագրողի նկատմամբ տեղացող սպառնալիքների մասին, մինչդեռ Դինքի փաստաբանները պնդում են, որ ոստիկանությունը, տեղյակ լինելով վտանգի մասին, միտումնավոր քայլեր չի ձեռնարկել տեղի ունեցածը կանխելու համար:
Նշենք, որ նոր գիրքը Նեդիմ Շեների երկորդ հետազոտությունն է` կապված Դինքի սպանության հետ: Առաջին գիրքը` «Հրանտ Դինքի ոճիրը և հատուկ ծառայությունների ստերը», մեծ աղմուկ էր առաջացրել Թուրքիայում, որից հետո Շեների դեմ մեղադրանք էին առաջադրել պետության գաղտնիքները հրապարակելու, իրավապահ մարմիններին վարկաբեկելու համար: Մեղադրանքը հաստատելու դեպքում Շեներին սպասում էր մինչև 32 տարվա ազատազրկում: 2010 թվականի հունիսին մի շարք մեղադրանքներ հանվեցին, սակայն մինչ այժմ Շեներին դատապարտման վտանգ է սպառնում: