Այժմ Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, համաճարակաբանական տեսանկյունից մեծ նշանակություն չի ներկայացնում:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով` այս գրիպն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն անհրաժեշտ է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ:
Թորոսյանը խորհուրդ է տվել հիվանդ լինելու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ անհապաղ դիմել տարածքային բժշկին:
«Հատկապես պետք է ուշադիր լինել երեխաների նկատմամբ. եթե երեխան հիվանդության ախտանշաններ ունի, պետք չէ նրան դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել»,- ասել է մասնագետը:
Գնահատելով Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների և գրիպի դեպքերի վիճակագրությունը` Թորոսյանը նշել է, որ այսօրվա դրությամբ նորմայից շեղումներ չկան: Համաձայն մոնիտորինգի արդյունքների` իրավիճակը կայուն է:
Ինչ վերաբերում է խոզի գրիպի տարածմանը, ապա այս պահին Հայաստանում նման դեպք չի արձանագրվել, ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին Թբիլիսիում վարակի երեք դեպքերի մասին: Վարակված երկու հղի կանանց ու երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: