Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը ծրար է ստացել օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից: Սա առաջին ծրարն է, որը խմբագրությունը ստացել է նախորդ տարվա նոյեմբերի 13-ից: Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելուց հետո Նիկոլ Փաշինյանի հոդվածները օրաթերթը չէր ստանում: Փաշինյանը բազմիցս հայտնել էր, որ այս ընթացքում նա ամեն օր հոդված է գրել և ծրար փոխանցել ՔԿՀ վարչակազմին, սակայն միայն վերջինը, որը հունվարի 9-ին ՔԿՀ վարչակազմին է փոխանցվել ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացվող հասարակական խմբի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայությամբ, տեղ է հասել:
Հոդվածը, որը գրվել է 2010 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…
Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը:
Facebook սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետևյալ գրությունը.«Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»:
Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելի է, բայց նաև` վախենալու…
Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել և հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլևս և ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ: Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ և կասկածելի արարքներ:
Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել և երբեք էլ չեմ կարողանա:
Հաջորդ պահին վախենում եմ, որովհետև նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին,1+ այդ միակ, եզակի հետևորդը իր համար կարևոր ինչ-որ բան է փնտրել և գտել իմ գործունեության մեջ: Նա ոգևորվում է ինձանով, հպարտանում, հիանում և դրանից մի չնչին, բայց կարևոր դրական լիցք է ստանում, գուցե և դառնում Ազատ և Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետևորդ և դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր: Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը:
Իսկ ինչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսինչ տարվա այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ:
Կամ` անարդար է վարվել այսինչի հետ:
Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է թույլ տվել:
Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում:
Կամ` կամ, կամ, կամ…
Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետև հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջև, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ և կասկածելի արարքներ:
Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել:
Հ.Գ. Նաև վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի»: