Home / Հայաստան / «ՉԻ». Փաստահավաք խմբի անդամը ցավում է Նիկոյանի համար

«ՉԻ». Փաստահավաք խմբի անդամը ցավում է Նիկոյանի համար

ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ, ԱԺ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել, գրում է օրաթերթը:

Մասնավորապես, Նիկոյանը նշել է, թե իրենց հանդիպման ընթացքում Համմարբերգը հետաքրքրվել է, թե «ժամանակավոր հանձնաժողովի ունեցած փաստերը բավարա՞ր էին տասը զոհերի պատճառների կամ դրանց մեղավորների մասին հավաստի և հիմնավորված եզրակացություններ կատարելու մասին»: Ըստ Նիկոյանի, Համմարբերգի այս հարցին ինքը պատասխանել է, թե նման փաստաթղթեր, հիմնավորումներ կամ հավաստի տեղեկություններ չի ունեցել ոչ միայն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, այլ նաև Փաստահավաք խումբն ու հետաքննող մարմինը: «ՉԻ»-ի հետ զրույցում Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Սամվել Նիկոյանին Փաստահավաք խմբի կողմից հանրությանը ներկայացված թվով 5 զեկույցների մասին, որոնք բավարար էին առնվազն 5 հոգու սպանությունները բացահայտելու համար: «Ցավում եմ, որ պարոն Նիկոյանը նույնիսկ պաշտոնի բարձրացմանը զուգահեռ ունակ չգտնվեց փաստաթղթերին լուրջ վերաբերվել, և կարդալուց հետո ի վիճակի չեղավ ընկալել այնտեղ ներառված փաստացի նյութը: Փաստահավաք խումբը ներկայացրել է 5 զեկույց, և ուզում եմ նրան հիշեցնեմ, որ այդ զեկույցներում ներառված փաստաթղթերը ոչ ոք չի կարողացել մինչև հիմա հերքել»,- նշեց Փաստահավաք խմբի անդամը: