Տնտեսական Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հունվարի 21-ին վարույթ էր ներկայացրել ընդդեմ «Մարիաննա» ընկերության: Հանձնաժողովն արդեն այսօր դիմելու է «Մարիաննա»-ին` տեղեկատվություն ստանալու համար: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է հանձնաժողովի մամուլի պատասխանատու Նելլի Դանիելյանը:
««Մարիաննա» ընկերության առաջարկի համաձայն` գնելով 5 հատ պանրիկ, մարդիկ ստանում են 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված ակնոցներ: Ֆիլմերը ցուցադրվում են «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Սակայն բազմաթիվ անձինք, ինչպես նաև մամուլի հրապարակումները, վկայում են այն մասին, որ ակնոցները չեն ընձեռում այդ ֆիլմերը դիտելու հնարավորությունը, ինչև և հիմք է հանդիսացել վարույթ ներկայացնելու»,- ասել է Դանիելյանը:
Նշենք, որ որոշ հրապարակումների համաձայն, ակնոցները գործում են միայն այն դեպքում, եթե հեռուստացույցն ունի 3D-ի հնարավորություն:
Դանիելյանը նշել է, որ ըստ օրենքի` 90 օրվա ընթացքում «Մարիաննա» ընկերությունը պետք է ներկայացնի պահանջվող տեղեկատվությունը, այնուհետև հանձնաժողովը կքննի դրանք և կկայացնի համապատասխան որոշում:
«Եթե պարզվի, որ, իրոք, կան խախտումներ, հնարավոր է նաև պատժամիջոցների կիրառում այդ ընկերության նկատմամբ»,- ասել է Դանիելյանը: