Home / Հայաստան / Երևանում և Լոս Անջելեսում միաժամանակ կբողոքեն կանանց բռնության դեմ

Երևանում և Լոս Անջելեսում միաժամանակ կբողոքեն կանանց բռնության դեմ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է աշնանը Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և խթանում է գործի թափանցիկության ապահովումը, մտադիր է հունվարի 31-ին, ժամը 17:00-ին ակցիա անցկացնել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:

«Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ», հայտնել են ակցիայի նախաձեռնողները:

Այս ակցիան կազմակերպվում է Լոս Անջելեսում United Human Rights Council նախաձեռնությամբ իրականացվող «Երթ` ուղղված դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը» ակցիայի հետ համատեղ:

Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:

Կոալիցայի ներկայացուցիչ կազմակերպություններն են Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն, Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ն, Կանանց աջակցման կենտրոն-ը /Թուֆենկյան հիմնադրամ/, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն, Զանգակատուն ԲՀԿ-ն, Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ն, Ընտանեկան բռնության ճգնաժամային կենտրոն-ը և ժամանակավոր ապաստարան-ը /ԿԻԿ/ :