Անցյալ շաբաթ ՀՀ նորանշնակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասուլիսի ընթացքում Epress.am-ը հարց էր ուղղել նախարարին կապված ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի նամակի հետ, որն ուղղված էր Հրայր Թովմասյանին:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից Epress.am-ը նամակ է ստացել, որում նշվում է, որ Վարդգես Գասպարիի նամակը նախարարությունում մուտքագրվել էր ասուլիսից երկու օր հետո` հունվարի 19-ին:
Կարինե Քալանթարյանը նշում է, որ նամակը ստանալուց հետո խնդիրն ուսումնասիրվել է և ՀՀ արդարադության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը գրավոր պատասխան է ուղարկել Վարդգես Գասպարիին:
«Օբյեկտիվորեն փոստային ծառայության աշխատակիցը չի կարող մուտք գործել ուղղիչ հիմնարկ և դատապարտյալին անձամբ հանձնել նամակները: Նամակները ընդունվում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի աշխատակիցների կողմից, որոնք էլ ստորագրում են նամակի ստացման ծանուցագրի վրա: Այնուհետև նամակները հանձնվում են դատապարտյալին` ստացման մասին ծրարի վրա համապատասխան նշումով:
Քաղաքացի Վարդգես Գասպարիի` դատապարտյալ Ն.Փաշինյանին ուղարկված նամակին կից, ներկայացվել է նաև 21.01.2011թ. դրությամբ նրա կողմից ուղարկված և «Արթիկ» ՔԿՀ մուտք եղած հինգ նամակների (15.12.2010թ, 17.12.2010թ, 24.12.2010թ, 10.01.2010թ, 12.01.2010թ) ծրարների պատճենները, որոնց վրա անձամբ Ն.Փաշինյանի կողմից ստացման մասին կատարված է գրառում և ստորագրված է: Կցվող նամակների շարքում է նաև 2010թ. դեկտմբերի 27-ին Վարդգես Գասպարիի կողմից ուղարկված և դեկտեմբերի 29-ին ստացված նամակը (կցվող ծրարի պատճենի վրա նշված քրեակատարողական հիմնարկին հանձման ամսաթիվը նույնն է ինչ և հանձման ծանուցագրում. նամակը մուտք է եղել 10.01.2011թ.), որի վրա հստակ նշված են «ստացա փակ վիճակում» բառերը և անձամբ ստորագրված է Ն. Փաշինյանի կողմից», – մասնավորապես, նշված է Գասպարիին ուղղված նամակում: