Նախօրեին բրիտանական The Independent պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի վարած սխալ քաղաքականության դիմաց «վճարվող գինն է»:
Ըստ Սահակաշվիլիի` Հյուսիսային Կովկասը «գետո» է, որտեղ բնակչությունը մշտապես ճնշումների է ենթարկվում: Բայց պետք է միշտ հիշել, որ գոյություն ունի նաև «բումերանգի սկզբունքը», արդյունքում` նման ողբերգություն Մոսկվայում:
Միևնույն ժամանակ, Սահակաշվիլին նշել է, որ ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի, և իր ցավակցությունն է հայտնել` մարդկանց մահվան կապակցությամբ:
Ինչպես գրում է բրիտանական պարբերականը, Սահակաշվիլիի կողմից նման արտահայտությունը զարմանք չի առաջացնում: Առաջին անգամ չէ, որ ռուսական ու վրացական իշխանությունները միմյանց հասցեին քննդատություններ են հնչեցնում` 2008 թվականի պատերազմից ի վեր: Սակայն նման հայտարարություննրը կարող են խիստ ցավոտ դառնալ և զայրացնել Մոսկվային, նշում է պարբերականը: