ՀՀ բանակի օրվա նախաշեմին երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են արել բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները` պահանջելով արդար դատավարություններ անցկացնել և գտնել իրենց որդիների իրական սպանողներին, գրում է օրաթերթը:
Այդ ընթացում Սերժ Սարգսյանը դուրս է եկել նախագահի նստավայրի բակ` լուսանկարվելու զինվորականների հետ: Լսելով աղաղակող որդեկորույս մայրերի ձայնը` Սերժ Սարգսյանը մոտեցել է նրանց և ճաղավանդակի հետևից նրանց տեղեկացրել, որ նոր զինդատախազ է նշանակվել, որը շուտով կընդունի և կլսի իրենց: «Պարոն նախագահ, ես ուզում եմ ձեզ զեկուցել, որ բոլոր քրեական գործերն էլ վերահսկման տակ են, ես ինքս զբաղվում եմ դրանցով»,- կողքից հավելել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն էլ, ի պատասխան զինվորների ծնողների մեղադրանքների, թե «իրենք գիտեն, թե ովքեր են լափել իրենց որդիների արյունը, բայց չեն պատժվում», վստահեցրել է, որ կան բողոքներ, որոնք անհիմն են. «Շատ դեպքերում մարդն ուղղակի ուզում է խոսել, կիսվել, իսկ մենք պարտավոր ենք նրանց լսել: Աստված վկա, չի կարող լինել և չի հանդուրժվի ոչ մի արյան լափելու դեպք: Դա միանշանակ»: Զինվորների ծնողների և զինդատախազի հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նշանակվել է հունվարի 29-ին: