Այժմյա հեղափոխական նորագույն ալիքը աչքի է ընկնում նրանով, որ կատարվում է Ղրղզստանում, Բելառուսում, Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, այսինքն` առավելագույնս հետամնաց համարվող երկրներում: Խոսելով վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ակտիվացած հեղափոխական շարժումների մասին՝ Epress.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի անդամ, թատերագետ Արա Նեդոլյանը:
«Այնտեղ չկան, կամ չեն գործում, սահմանադրական փոփոխություններին հասնելու որևէ մեխանիզմներ, դրա համար փոփոխություններն ապստամբական բնույթ են կրում: Իսկ ի՞նչն է փոխվում: Դժվար չէ նկատել, որ այդ բոլոր երկրները ստեղծվել են ազգայնական շարժումների ալիքի վրա, և դրանց բռնակալները բոլորն էլ ազգայանական առաջնորդ են, կամ նրանց ժառանգները՝ նացիոնալիստներ: Ի դեպ, նույնն է իրավիճակը նաև Հայաստանում և Ռուսաստանում: Այժմ արժեքային պատկերացումները փոխվում են, ժողովրդավարացումը, արդիականացումը դառնում են գերիշխող արժեք, և հասարակությունները, պետությունները ապրում են համընդհանուր վերակառուցման ընթացք: Ով կկարողանա ստեղծել նոր տիպի, ցեղակրոնից ազատված պետական կառույց՝ նա էլ շարունակվելու է պատմության մեջ», – ասել է Նեդոլյանը:
Նրա համոզմամբ՝ ազգային առասպելաբանության վրա հիմնված պետությունները խորթ են դառնալու նոր, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված աշխարհի համար:
Նեդոլյանը նշել է, որ այդ ընթացքի կարևորագույն խթանն ինտերնետն է, իբրև համընդհանրացման, գիտակցության արդիականացման հզոր գործիք:
«Այս ամենի սկիզբը դրեց, անշուշտ, Սովետական միության կամավոր զինաթափումը ու վերակառուցումը, ազատական գաղափարները, որոնք այլևս չէին պարտադրվում զենքի ու ուժի միջոցով գերտերության կողմից: Հետո ճիշտ քաղաքականությունը շարունակեց Եվրոպան, որը զինաթափվում է: Թուրքիայի կամավոր զինաթափման սկիզբը, ինչպես և Իրաքի բռնի զինաթափումը, նույնպես շատ կարևոր դեր խաղացին այս ամենում: Եթե երեկ հարգվում էր միասնականը, կամայինը, ուժեղը, իր «բնակչությանը» ամուր ձեռքով վերահսկողը, ապա այսօր նա դիտվում է ժամանակավրեպ ու գռեհիկ», – ասել է Արա Նեդոլյանը: