Հայաստանում գերակա խնդիրը մնում է անարդարությունը: Այս մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ թե’ հասարակական, թե’ քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում Հայաստանում հետընթաց է գրանցվում, իսկ իշխանություններն անընդունակ են երկիրը հանել այս վիճակից: Լիլիթ Գալստյանը նշել է, որ բազմաթիվ սոցիալական խնդիրների պատճառով շարունակվում է արտագաղթը:
Խնդիրների շարքում նա, մասնավորապես, նշել է ժամանակին չվճարվող կենսաթոշակները, շարունակվող գնաճը: ՀՅԴ-ական պատգամավորը նաև ասել է, որ ՀՀ քաղաքացիները, վստայություն չունենալով տեղական դատական ատյանների նկատմամբ, Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ իրենց բողոքն ուղարկում են Եվրոպական դատարան:
Մանվել Բադեյանը չի համաձայնել Գալստյանի հետ` նշելով, որ արտագաղթի պատճառները կապված չեն միայն ՀՅԴ-ական գործչի կողմից նշված խնդիրների հետ: Նա նաև նշել է, որ սոցիալական խնդիրների շուրջ զանգվածային բողոքների հավանականությունը Հայաստանում չնչին է, և չի կարելի զուգահեռներ անցկացնել մեր և արաբական երկրների միջև:
«Վերջապես մենք արաբ չենք: Երբևիցե որևէ երկրում բունտը դրական արդյունքի չի հանգեցրել: Բունտն ուշ, թե շուտ կավարտվի, բայց դրա արդյունքները կմնան»,- նշել է ՀՀԿ պատգամավորը:
Լիլիթ Գալստյանը, խոսելով Թունիսի և Եգիպտոսի դեպքերի մաիսն, ասել է. «Աստված չանի, որ մեզ մոտ նման բան տեղի ունենա»: