Եգիպտոսում խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլ նաև արժեքային և աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապված: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում բարձրացած հեղափոխության ալիքը կարող է հասնել Հայաստան:
«Հայաստանում որևէ հիմք չկա սոցիալական բունտի համար: Իհարկե, կա դժգոհություն, բայց Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ, լավացնել ժողովրդի վիճակը», – հայտարարել է Շարմազանովը:
Ըստ նրա` մի բան է` դժգոհությունը, մեկ այլ բան` սոցիալական բունտը:
«Այսօրվա իշխանությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տարբերվում է այլ իշխանություններից նրանով, որ երբեք ջայլամի քաղաքականություն չի վարում», – ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով` հեղաշրջումներ և սոցիալական բունտեր լինում են այն երկրներում, որտեղ իշխանությունները լճացած են, ուժ չունեն, քաղաքական կամք չունեն` բարեփոխումներ իրականացնելու:
«Հայաստանում ճգնաժամ չկա: Եթե որոշ մարդիկ երազում են, որ Հայաստանում լինեն ուժեղ ցնցումներ, մենք բացառելու ենք ցնցումները: Եթե որոշ մարդկանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ Հայաստան», – եզրափակել է Շարմազանովը: