Երբ նախագահ Մեդվեդևը գնում է գյուղ` տատիկի մոտ, որտեղ գազ են անցկացրել, և այնտեղ տատիկի համար ձվածեղ է պատրաստում հիացած հեռուստադիտողների աչքի առջև, այնուհետև նրա հետ ուտում է այդ ձվածեղը. սա ընդամենը քաղաքականություն է:
Նման կերպ է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրել կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունները:
«Հայաստանում գոյություն ունեն իշխանության կուսակցություն և ընդդիմություն: Իմ կարծիքով` ոչ մեկը, ոչ մյուսն իրականում գոյություն չունեն: Հայաստանում ընդդիմություն չկա, որովհետև դրանք շատ են և միավորված չեն: Իսկ իշխանության կուսակցություն չկա այն իմաստով, որով այն հիմնականում պատկերացնում են», – ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` իշխանության կուսակցության ներսում լուրջ մրցակցություն կա տնտեսական ռեսուրսների, կապերի, արտահանվող և ներմուծվող ապրանքների տուրքերի բաշխման և նախարարական պաշտոնների հարցերում:
«Այս իրավիճակը մշտապես շարունակվող գործընթաց է, և այն գոյություն ունի ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և հանրապետականների միջև: Հանրապետականների ներսում մշտապես շարունակվում է այդ մրցակցությունը, որը պարզապես քողարկված է և տեսանելի չէ դրսից»,- ասել է Իսկանդարյանը և հավելել, որ երբ առջևում նախընտրական քարոզարշավ է սպասվում, այդ մրցակցությունն ավելի ցայտուն է դառնում: