Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հերթական հոդվածը, որը գրվել է հունվարի 10-ին: Հիշեցնենք, որ Փաշինյանի մի քանի հոդվածներ, որոնք գրվել էին հունվարի ընթացքում, խմբագրություն էին հասել երկուշաբթի:
Ներկայացնում ենք «Նախարար դառար, Սերգո ջան…» հոդվածն ամբողջությամբ.
«Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի արտասանած ճառերը` նախարարական առաջին աշխատանքային օրվա առաջին ժամերին, շատ էին հիշեցնում Իլֆի և Պետրովի հռչակավոր հերոս Շուրա Բալագանովի դամբարանը` Պանիկովսկու շիրիմի վրա: Չէ, խնդիրն այն չէ, թե Գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ մեկը մահացել էր: Պարզապես` ինչպես Բալագանովի ճառը կապ չուներ հանգուցյալ Պանիկովսկու հետ` «Միջազգային իրադրությունը, մեր պատասխանը Չեմբեռլենին, հարաբերությունը»,- այնպես էլ նախարար Կարապետյանի նախարարամուտի խոսքերը կապ չունեին գյուղնախարարությունում ստեղծված վիճակի հետ: Մասնավորապես, ասվում է, որ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը պաշտոնանկ է արվել 2010թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աննախադեպ անկման պատճառով: Հարցն այն է, ահա, որ նոր նախարարի ոչ խոսքը, ոչ էլ` առավելևս դեմքի արտահայտությունը հայ հանրությանը վստահություն չներշնչեցին, թե նա որևէ բան գիտի գյուղոլորտի անկման պատճառների մասին և առավելևս` թե նա պատկերացում ունի` ինչ պետք է անել իրավիճակը հաղթահարելու համար: Փոխարենը նորանշանակ նախարարը չկարողացավ խուսափել այն տխմար պաթոսից, որը Հայաստանում ուղեկցում է ցանկացած նորանշանակ բարձրաստիճանի. նախագահի ցավը տանեմ (Սերժին նկատի ունեն), վարչապետ ջան` մեռնեմ կյանքիդ, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, հասնենք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան, կադրային ջարդ (Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ ասաց` կադրային ցեղասպանություն) չի լինելու, բայց ես ունեմ իմ,-հո, հո, հո,-պահանջները, և ովքեր այդ պահանջներին (թե՞ պահանջները) չկարողանան բավարարել` չեն աշխատի, իսկ ովքեր բավարարեն այդ յուրօրինակ պահանջները, որոնք հասկանալիորեն տարբերվում են նախկին նախարարի (կամ քաղաքապետի) պահանջներից, այլապես հարցը հատուկ շեշտելու անհրաժեշտություն չէր լինի,- ահա սրանց հետ նոր նախարարը կաշխատի, կչարչարվի, կքրտնի` վասն հայրենյաց: Նորանշանակաց այս տեքստերին, թերևս, մնում է ավելացնել. դասիս ֆանտաստիշ:
Սերգո Կարապետյանը, ի դեպ, միակը չի լինի Հայաստանում, որ նախարարական պորտֆել ստանալով` կամ չի իմանա, կամ չի կարողանա անել այն, ինչն իրական առաջընթացի կհասցնի ղեկավարած ոլորտը: Հայաստանում նման վիճակում բոլոր նախարարներն ու պաշտոնյաներն են, որոնց հիմնական դերակատարումը արտասահմանից եկած օգնությունը վերևների ասած ձևով բաշխելն է, փողով-մողով մարդկանց գործի ընդունել տալը, և բազում և բազմազան անվճար հյուրասիրությունների մասնակցելը և սեփական հասցեին անհամեմատ-գովասանական կենացներ լսելը: Իսկ մինչ այդ` Հայաստանի ժողովուրդը չի կարողնաում բավարարել կարենկարապետյանների, սերգոկարապետյանների պահանջները և արտագաղթում է խուճապահար` դեպի երկրներ, որտեղ աշխատում են ավելի անշնորք և պակաս հայրենասեր նախարարներ-բաներ: Ու թե այսպես շարունակվի, ՀՀ բնակչությունը շուտով կազմված կլինի մարդկանցից, ովքեր իրենց կյանքի ընթացքում գոնե մի քանի ամիս հասցրել են նախարար աշխատել` հատկապես «Օրինաց Երկրի» քվոտայով»: