Այն վարչարարության տեսակը և այն ձևերը, որոնցով Հայաստանում իրականացվում են թեկուզ լավագույն հնչեղություն ունեցող ծրագրերը կամ օրենքները, տխուր արդյունքների են բերում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նա, մասնավորապես, բերել է Սևանա լճի օրինակը` հիշեցնելով, որ արդեն տարիներ շարունակ խոսվում է լճի վիճակի բարելավման մասին. «Մենք պետք է հստակեցնենք, որ 8 տարիների ընթացքում 291 սանտիմետրով բարձրացել է Սևանա լճի մակարդակը, և դա, անշուշտ, լավ արդյունք է: Իսկ վերջին 6 տարիների ընթացքում լիճ է բաց թողվել 114 700 հատ իշխանի ձկնկիթ»:
Այս ամենի ետևում առկա են ֆինանսական ծախսեր, շարունակել է Լարիսա Ալավերդյանը, իսկ արդյունքը հետևյալն է.
«Մենք կարողացանք նորանկախ պետության նորագույն պատմության 20 տարվա ընթացքում ոչնչացնել ձուկը Սևանա լճում: Իշխանությունը, կարծես թե, մի բան է ասում, իսկ հասարակությունն այլ բան է արձանագրում»: Նրա խոսքով` Հայաստանը կանգնած է մի վտանգի առջև, երբ պետք է ընդհանրապես արգելվի ձկնորսությունը, սակայն «արդյո՞ք սկզբից ի վար ապահովվում է այդ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելը»:
«Ծրագիրը կա, արվում են օրենսդրական նախաձեռնություններ, արդյունքում` ձուկ Սեևանա լճում չկա: Պատճառն այն է, որ բացարձակապես չկան հստակ ձևավորված գործելակերպը, օրենքի կիրառման կարգը կամ այն այնքան հեղհեղուկ է, որ ուղղակի միտումնավոր ստեղծում է մի կողմից` կոռուպցիոն մեծ ռիսկերի դաշտ, մյուս կողմից` դարձնում է մարդուն աղքատության և ծայրահեղ աղքատության շեմին կանգնած մի անձ, որը, բոլորին հայտնի է, շատ ավելի հեշտ կարավառվող է, այդ թվում և քաղաքական առումներով», – հայտարարել է պատգամավորը: