Թուրքիայի հայ համայնքի 7 ներկայացուցիչներ մտադիր են իրենց թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվելու են հունիսին:
«Ես հայ եմ, բայց միաժամանակ հասարակության մի մասն եմ: Խորհրդարանում հայտնվելու դեպքում, անշուշտ, առաջին հերթին, իմ համայնքի խնդիրները պետք է բարձրացնեմ: Սակայն ես կցանկանայի միաժամանակ ներկայացնել նաև ողջ երկիրը», – Hürriyet-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից առաջադրված հայազգի թեկնածու Արև Ջեբեչին:
Խորհրդարանական ընտրություններում 7 հայ թեկնածուներից 6-ը տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից են նարկայացված, իսկ մեկը փորձելու է պայքարել պատգամավորական աթոռի համար որպես անկախ թեկնածու:
Համաձայն Ջեբեչիի, Թուրքիայի հայ համայնքը հեռացել է քաղաքականությունից «անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետևանքով»:
«Մեր ընտանիքներում միշտ սարսափ է տիրել, և մեր ծնողները մշտապես ահաբեկել են մեզ: Նրանք չէին ցանկանում, որ մենք աչքի ընկնեինք թուրքական հասարակության մեջ»,- նշել է նա:
Ջեբեչիի խոսքով` 2007 թվականին թուրքահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը շրջադարձային է եղել.
«Սպանությունից հետո որոշ հայեր ավելի լռակյաց դարձան` համոզվելով, որ, եթե խոսում ես, ուրեմն պիտի մեռնես: Մյուսները, որոնց թիվը շատ ավելի մեծ էր, սկսեցին իրենց իրավունքների համար պայքարել»:
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցերը հետազոտող Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարի խոսքով` եթե հայ պատգամավորներին հաջողվի ձայների մեծամասնություն հավաքել և խորհրդարանում պատգամավորական աթոռ զբաղեցնել, 1960 թվականից ի վեր սա առաջին դեպքը կլինի: Նա նաև նշել է, որ մինչև 1937 թվականը ազգային փոքրամասնություններին չէր թույլատրվում քաղաքական գործունեությամբ զբաղվել: «1926 թվականի Քաղաքացիական օրենսգրքում նշվում էր, որ քաղաքական գործիչ դառնալու առաջին նախապայմանը թուրք լինելն էր: Արդյունքում` համաձայն այս օրենքի, ոչ մահմեդականերրը իրավունք չունեին զբաղվել քաղաքականությամբ: 1946 թվականին այս հոդվածը փոփոխությունների ենթարկվեց, որի արդյունքում քաղաքականության բնագավառում պաշտոն ունենալու համար բավական էր լինել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի», – նշել է Աքթարը: