Նոր երևույթ է նկատվում, որ փորձում են հարցերը լուծել դատարանների միջոցով: Դա վատ չէ, որ խնդիրն իրավական փաստարկների միջոցով են ուզում լուծել, որը մի քիչ կառուցողական կդարձնի դաշտը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել «Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի վերաբերյալ դատարանի երեկվա որոշումը:
Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել է «Հայկական ժամանակ» օրաթերթին 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ռուստամյանի խոսքերով` ամբողջ հարցը կայանում է դատական համակարգի նկատմամբ վստահելիության մեջ, որը, ըստ նրա, շատ ցածր մակարդակի վրա է, եթե ընդհանրապես գոյություն ունի:
«Բնականաբար, ես հիմնական խնդիրն էդտեղ եմ տեսնում: Վերջում պետք է դատարանը որոշի, բայց եթե դատարանն այդ անկախության աստիճանը չունի, ցանկացած որոշում էլ նորից նույն հասարակության կողմից չի ընկալվելու որպես ճշմարիտ որոշում»,- ասել է դաշնակցական գործիչը:
Միևնույն ժամանակ, ըստ Ռուստամյանի, թերթերը, իրենց հերթին, պետք է «այնպիսի բաներ տպեն, որոնց համար պատասխան տան, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ թերթերն այնպիսի բաներ են տպում, որ ուղղակի օդից վերցված են», որոշ հրապարակումներ էլ հատուկ վարկաբեկելու նպատակ են հետապնդում:
«Ես ունեմ բազմաթիվ էդպիսի օրինակներ, որտեղ պատվեր են կատարում: Կան էդպիսի դեպքեր, ու մարդիկ դրա վրա են աշխատում. ստանում են տարբեր պատվերներ այս կամ այն անձին վարկաբեկելու համար, այս կամ այն լուրը տարածելու, տպելու համար», – հայտարարել է Արմեն Ռուստամյանը: