Այսօր ժամը 15:00-ից մինչև 16:00 վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների մոտ 80 վարորդների հետ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդիպել են և իրենց խնդիրներն են քննարկել Գյումրի եկած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ և ուրիշներ: Վարորդները նրանց ներկայացրեցին ինչպես հիմնահարցը, իրենց պահանջներն իշխանություններին և Ազգային Ժողովին, այնպես էլ այսօր իրենց նկատմամբ ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունները, մասնավորաբար, կայարանամերձ հրապարակից երեք ավտոմեքենաների առևանգումները, այնտեղ այլ մեքենաների կայանման արգելումները, ինչպես նաև լրագրողական ակումբի հարակից մոտ 10 թաղամասերի պաշարումը:
Քննարկման արդյունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները խոստացան խնդիրը հնչեցնել ՀՀ ԱԺ այսօրվա նիստում հայտարարությունների ժամանակ և վաղը` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Բացի դա, որոշվեց փետրվարի 10-ին իրականացնել այսօրվա չկայացած խաղաղ երթը Գյումրիից դեպի Բավրա:
Հիշեցնենք, որ Գյումրիի վարորդները շաբաթ օրվանից բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով իջեցնել Վրաստանից Հայաստան ներկրվող մեքենաների մաքսազերծման գները: