Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երեք օլիգարխների՝ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վերջինիս պարտավորեցնելով որպես տուգանք շուրջ 6,5 միլոն դրամ վճարել նրանց՝ արժանապատվությունը վիրավորող իբր ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու համար։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ:
«Օրաթերթը ժամանակին այդ տեղեկատվությունը հրապարակել էր Մոսկվայում բնակվող «Միաբանություն» հ/կ նախագահ Սմբատ Կարախանյանի փոխանցմամբ՝ հղելով իր աղբյուրը։ Ընդ որում, առաջին հրապարակումից հետո, նույն աղբյուրը մի քանի անգամ հրապարակավ հաստատել է, որ ինքն է այդ տեղեկատվության հեղինակը և առաջարկել «վիրավորված» անձանց գործ ունենալ իր հետ։ Օլիգարխները դա չեն արել և շարունակել են հետամուտ լինել իրենց հայցի դատական քննությանը «Հայկական ժամանակի» դեմ։ Դատարանն իր հերթին, անտեսելով այդ ամենը, հայցը հետ չի ուղարկել և կայացրել է ակնհայտ անարդար, ակնհայտ ապօրինի վճիռ։ Տվյալ դեպքում, անշուշտ, կարևոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն է», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
Կոնգրեսը հայտարարել է, որ այս վճռով գործող ռեժիմը ծանրագույն հարված է հասցնում մամուլի ազատությանը Հայաստանում և ստեղծվում է ծայրահեղ վտանգավոր մի նախադեպ:
«Հետայսու տպագիր լրատվամիջոցներին դատական պատասխանատվության կարող են կանչել այլ անձի` տվյալ թերթում արտահայտած մտքերի համար: Հեռուստատեսության ոլորտը կատարյալ մենաշնորհացման ենթարկելուց հետո, իշխանությունը բացահայտում է իր ծրագիրը, այն է` տնտեսապես սնանկացնել ու ոչնչացնել այլակարծիք թերթերը` իրենց ծառա օլիգարխների կամ կամակատարների միջոցով: Կատարվածը նաև դատական համակարգի՝ օլիգարխիկ իշխանությանը անմնացորդ ծառայելու, ոչ միայն նվազագույն ինքնուրույնությունից, այլև նվազագույն մասնագիտական ու մարդկային արժանապատվությունից զուրկ լինելու խայտառակ մի ապացույց է։
Կոնգրեսը նաև հույս է հայտնում, որ այս խայտառակության նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն Եվրոպական կառույցները, մամուլի ու նրա ազատության խնդիրների, մարդու իրավունքների խնդիրներ հետապնդող հասարակական ու միջազգային կազմակերպությունները», – նշում են հայտարարության հեղինակները։