«Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները»: Այս մասին ասված է լրագրողներ Արամ Հովհաննիսյանի, Ծովինար Հովսեփյան, Արաքս Կարապետյանի, Նունե Ազատյանի, Մանե Արմենակյանի, Սարգիս Հովհաննիսյանի և Սահինե Ասլանյանի տարածած հայտարարության մեջ:
«Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին», – նշում են հայտարարության հեղինակները:
Նրանց խոսքով` «հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսևորումը կարելի է համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող և անճաշակ կրկնօրինակն է»:
«Հայկական հեռուստատեսության ավելի մեծ անկում, ինչպես նաև անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսևորում բարդ է պատկերացնել: Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու հիվանդագին մոլուցքի ետևից` «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակն` այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի: Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանդավոր դեմքերից մեկի` Ավետ Բարսեղյանի` հանուն շահի մասնակցելը: Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը կանի համապատասխան հետևություններ», – ասված է հայտարարության մեջ: