Համաշխարհային առաջնորդները ոչ միանշանակ են արձագանքել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հեռուստատեսային ուղերձին, որի ընթացքում նա հայտարարել է Օմար Սուլեյմանին իր որոշ լիազորությունների հանձնման մասին, սակայն չի խոսել սեփական հրաժարականի մասին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բազմաթիվ եգիպտացիներ «չեն վստահում իրենց երկրի իշխանությունների ժողովրդավարության անցնելու ցանկության իսկությանը»:
«Եգիպտոսի ժողովրդին ասել են, որ երկրում տեղի է ունեցել իշխանության հանձնում: Սակայն դեռևս պարզ չէ, արդյոք այն իրականացվել է ամբողջությամբ և պատշաճ կերպով»,- նշել է Սպիտակ Տան ղեկավարը:
Եգիպտոսի իրադարձությունների առնչությամբ իր գնահատականն է տվել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին` նշելով, որ Մուբարաքի հրաժարականն անխուսափելի է: Նա հույս է հայտնել, որ «Եգիպտոսը ճանապարհ կգտնի ժողովրդավարության կառուցման և ոչ թե կրոնական գործիչների բռնապետական համակարգի հաստատման համար»:
Սարկոզիի խոսքով` «Արևմուտքի ժողովրդավարական ռեժիմները բարոյական պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Եգիպտոսում չստեղծվեն այնպիսի քաղաքական համակարգեր, որոնք ավելի վատը լինեն, քան այն իշխանությունը, որը կար մինչև զանգվածային բողոքի ակցիաները»: