Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր իր կողմից հրավիրած բացօթյա համաժողովը սկսել է` մեղադրանքներ ուղղելով Հայ Ազգային կոնգրեսի հասցեին:
«Իրենք ասում են, որ Կարապետյանը պիտի թողնի ժողովրդին, գնա, խելոք, սուս-փուս միանա ՀԱԿ-ին», – ասել է Կարապետյանը` հարց տալով հավաքվածներին` «դուք ցանկանո՞ւմ եք, որ այդպես լինի»: Ի պատասխան հավաքվածները գոռացել են` «ոչ»:
Նշենք, որ մինչ հավաքի մեկնարկը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները մարդկանց ՀԱԿ-ի թերթոններն էին բաժանում: Այդ փաստը նույնպես դարձել է Ժողովրդական կուսակցության առաջնորդի քննադատության առարկա:
«Նրանք ուզում են ուրիշին քցելով` բարձրացնել իրենց վարկանիշը: Մենք պայքարում ենք իշխանության դեմ, մենք չենք պայքարում ուրիշ, չգիտեմ ինչ ուժերի դեմ», -ասել է Կարապետյանը:
Նշենք, որ Epress.am-ի լրագրողի հարցին ի պատասխան` ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանության տվյալներով` այսօրվա հավաքին ներկա է եղել մոտ 400 մարդ: Հիշենենք, որ Կարապետյանի նախորդ` հունվարի 19-ին կայացած հանրահավաքին, ոստիկանների տվյալներով, ներկա էր 3500-ից 3800 մարդ: