ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել «Հայաստանում օր-օրի ծանրացող սոցիալ–տնտեսական վիճակի, ապրանքների գների անհիմն թանկացումների, քրեաօլիգարխիկ համակարգի կողմից ստեղծված` այլևս անհանդուրժելի պայմանների, ՀՀ-ից ընտանիքներով արտագաղթողների ահագնացող թվաքանակի ավելացման առչությամբ»:
«Այս ամենին վերջերս գումարվեցին առևտրականների և վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների չհիմնավորված մաքսատուրքերի բարձրացումն ու մաքսազերծումը, որը առիթ հանդիսացավ Վրաստանից ներկրված ավտոմեքենաների տերերի արդարացի բողոքի` հանրաքվեի և ավտոերթի միջոցով, որը ապօրինաբար արգելվեց փետրվարի 15–ին ոստիկանության կողմից` Գյումրի-Վանաձոր տանող ճանապարհին, ոտնահարելով ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածը` ազատ տեղաշարժման քաղաքացու սահմանադրական իրավունք», – նշված է ՀԱԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակի հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները դատապարտում են «ավազակապետական ռեժիմի կողմից երկրում բռնապետության հաստատումն ու ռազմա-ոստիկանական մամլիչ մեթոդներով ՀՀ քաղաքացիների իրավունքների մասսայական ոտնահարումները, հարկային տեռորը, կամայականությունները, հայ ժողովրդի կեղեքումն ու երկրի թալանը»: