Ադրբեջանական ATV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էլչին Ալիբեյլին հեռացվել է պաշտոնից Ադրբեջանում հայտնի «Սարի Գելին» երգը հայերենով կատարելու համար: Թեև վերջինս հերքել է այս լուրերը, սակայն հեռուստաընկերության ղեկավարությունը չի ցանկացել փոխել հեռացման մասին որոշումը:
Երեկ տարածված տեղեկությունների համաձայն, Բաքվի ռեստորաններից մեկում տեղի ունեցող հանդիսության ժամանակ Էլչինը իբր խլել է բարձրախոսը այն պահին, երբ երաժիշտները ադրբեջաներենով կատարում էին «Սարի գելին» երգը, և հավելելով` «ահա թե ինչպես է այս երգը հնչում իրականում» , սկսել է հայերենով երգել երգը:
Տեղի ԶԼՄ-ները նման լուրերի տարածումը կապում են Էլչինի` ծագումով Հայաստանից լինելու փաստի հետ:
Ինքը` Ալիբեյլին, այսպես է մեկնաբանել միջադեպը. «Ներկայումս ես հաղորդում եմ պատրաստում «Սարի Գելին» երգի մասին, այդ իսկ պատճառով սովորել եմ երգի առաջին հատվածը հայերենով: Երբ մեջլիսներից մեկի ժամանակ երգի մասին խոսք գնաց, ես 1 տող արտասանեցի հայերենով` ցույց տալու համար, թե ինչի են վերածել հայերը մեր սիրած երգը: Ի դեպ ես այդ տողերը արտասանել եմ ոչ թե երգի ձևով, այլ բանաստեղծության: Ես հո երգիչ չեմ, որ երգեմ»: