Վրացերենի չիմացությունը լուրջ խնդիրներ է ստեղծում Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում ապրող հայերի և ադրբեջանցիների համար, գրում է Кавказ онлайн-ը:
Վրաստանի Բոլնիսի շրջանում ապրող 27-ամյա Զախիր Մուսաևը գյուղի միակ ներկայացուցիչն է, ով հասկանում է համակարգչից: Համակարգչային ծրագրերը նա սովորել է Վրաստանի մանկավարժական համալսարանի Մառնեուլիի մասնաճյուղում: Այնտեղ դասախոսությունները կարդում են ադրբեջաներեն: Ինքը` Մուսաևը, խոստովանում է, որ վրացերենի չիմացության պատճառով չի կարողանում աշխատանք գտնել:
«Ինձ հաջողվեց բանկերից մեկի կողմից հայտարարված մրցույթի առաջին փուլն անցնել, սակայն հաջորդ փուլը հաղթահարելու համար վրացերենի իմացություն էր անհրաժեշտ: Համալսարանում մենք վրացերեն չէինք ուսումնասիրում, դպրոցում նույնպես վրացերեն գրեթե չէինք սովորում: Այժմ մասնավոր կերպով վրացերեն ուսումնասիրելու համար փող չունեմ»,- հայտարարել է Մուսաևը:
Այազմայի բնակիչների 100 տոկոսը էթնիկ հայեր են: Այստեղ վրացական դպրոց չկա: Տեղի բնակիչները երկրի պետական լեզվով չեն խոսում: Վերջին շրջանում Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում վրացական դպրոցներ են բացվում: Դա օգնում է տեղաբնակներին: Հայկական ուսումնական հաստատություններում վրացերեն ուսումնասիրում են շաբաթական ընդամենը 3 անգամ:
«Մենք քվոտաներ ենք հատկացրել բուհերին ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների համար: Դա լուրջ արդյունքի բերեց: Անցյալ տարի ընդամենը 10 ուսանող ունեինք, այժմ ուսանողների թիվը հասնում է 300-ի»,-նշել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:
Մի քանի տասնամյակներ շարունակ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հարկ չէին համարում սովորել երկրի պետական լեզուն: Հին սերնդին դա պետք չէր: Ծեր մարդիկ չէին ձգտում հեռանալ հարազատ գյուղերից, իսկ իշխանություններն էլ առանձնապես մեծ ակտիվություն չէին ցուցաբերում այդ հարցում: Երիտասարդ սերունդն, ընդհակառակը, տեղում նստել չի ցանկանում և փորձում է դուրս գալ շրջանների սահմաններից, եզրափակում է պարբերականը: