Օրերս Երևանի Գործարանային կայարանի մերձակայքում հայտնվել է տրաֆարետ, որը ճիշտ կրկնությունն է նույն կայարանին կից հրապարակում խորհրդային տարիներին տեղադրված Բանվորի արձանի:
Փողոցային արվեստի այս գործի հեղինակն է «Արտլաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորումը:
«Մետրոպոլիտենի Գործարանային կայարանին կից հրապարակում խորհրդային տարիներին` 1981 թվականին, քանդակագործ Արա Հարությունյանի կողմից տեղադրված և 1997թ. որպես մետաղաջարդոն իրացված Բանվորի արձանի պատկերը փակցնելը հանրության գիտակցության մեջ դասակարգային արժանապատվությունն արթնացնելու փորձ է», – Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տրաֆարետի մտահղացման հեղինակ, արվեստագետ Արթուր Պետրոսյանը:
Նրա խոսքով` Բանվորի արձանը որպես մետաղաջարդոն օգտագործելը վիրավորական մոտեցում էր բանվոր դասակարգի, աշխատավոր մարդկանց հանդեպ:
«Այդ պատճառով ցանկացել ենք վերականգնել, որպեսզի ամեն ինչ լիարժեք լինի` Գործարանային կայարանը կա, իսկ արձանը չկա: Մեր գործը ամբողջական տեսքի է բերում տարածքը»,- ասել է Արթուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Արտլաբորատորիան» Երևանի Բաղրամյան պողոտայի գետնանցումներից մեկի պատին գրաֆիտիի տեսքով պատկերել էր քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Իսկ ավելի վաղ նուjն միավորման անդամները Երևանի Խանջյան փողոցի վրա գտնվող գետնացումում պատկերել էին ինքնասպան զինվորի տրաֆարետը, որը մի քանի օր անց ջնջվել էր: