Home / Հայաստան / «Ինչո՞ւ չի խոսում Ազնավուրը». Մարդկային ճակատագրեր. Դավիթ Պետրոսյանը զոհվել է մարտի 1-ին

«Ինչո՞ւ չի խոսում Ազնավուրը». Մարդկային ճակատագրեր. Դավիթ Պետրոսյանը զոհվել է մարտի 1-ին

Դավիթ Պետրոսյանը մահացել է 2008 թվականի մարտի 1-ին: Նրա մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է մայրը` տիկին Ջեմման:

«Ես գտնվում եմ անկողնային, անօգնական վիճակում, ոտքս կոտրած, պառկած եմ: Շատ ծանր եմ տանում, որ հրապարակի մեջտեղը հացադուլ չեմ հայտարարում: Մենք` որդեկորույս մայրերս, դեռ շատ երկար ենք լաց լինելու, ես ոտքի վրա մեռնում եմ: Իմ որդին` Դավիթ Պետրոսյանը, շատ արժանապատիվ մարդ էր: Ծնվել է 1975 թվականի ապրիլի 16-ին: Դեռ չէր ավարտել դպրոցը, տեղի ունեցավ երկրաշարժ. մենք շատ դժվար կյանք ենք ապրել: Բայց նա Աստծո կողմից օժտված մարդ էր. 14 տարեկանում Դավիթը սկսեց զբաղվել արծաթագործությամբ, էդ շնորհքը գեներով գալիս էր` նրա պապն էլ` Լևոն Պետրոսյանն էլ, շնորհքով մարդ էր, իսկ ես հիմա սպանված Պետրոսյանի մայրն եմ: 16 տարեկանում Դավիթս սկսեց զբաղվել ոսկերչությամբ: Նա աշխատում էր Երևանում` «Բաղնիք» կոչվող ոսկերչական խանութում: 2005 թվականին նա Վանաձորից տեղափոխվեց Երևան ապրելու:

Ի միջի այլոց, 2008-ի մարտի 1-ին Դավիթը խոսել է իմ հետ, ասեց` «մամ ջան, գործս պրծա, գնում եմ տուն: Էդ ժամանակ ես ապրում էի Երևանում` Աթոյան փողոցում, ամեն օր մասնակցել եմ հանրահավքներին: Որ տղես զանգեց, ես հեռուստացույցով էդ մարդասպան Ռոբերտ Քոչարյանի դեմքն էի տեսնում, ասում էր` կան զոհեր, վիրավորներ: Հետո իմ տղան տուն գնալու ճանապարհին, որ տեսնում ա էդքան մարդիկ են հավաքված, ոնց որ բոլոր արժանապատիվ ՀՀ քաղաքացիները, միանում ա նրանց, ու հետո պարզվում ա` ինքն իրա հեռախոսով նկարել ա: Գիշերը 2-ից 15 պակաս ինձ ասում են, որ որդիս մահացել ա, ինձ զանգում են իրան հիվանդանոց տանողները: 9մմ-անոց գնդակից, որը կրակել են 2 մետր հեռավորությունից, իմ Դավիթը զրկվում ա կյանքի իրավունքից: Նա սիրում էր կյանքը, սիրում էր երեխաներին, տաղանդավոր մարդ էր: Ես մինչև հիմա իրա արհեստանոցը պահում եմ, ձեռքս չի գնում գործիքներին ձեռք տամ, իրա շունչը նստած ա դրանց վրա, ամեն վայրկյան սպասում եմ, որ հեսա բակից կճվա` մամ ջան: Այսքան ժամանակ, բացի ՀԱԿ-ից, ինձ ոչ ոք չի հարցրել` ո՞նց ես տիկին Ջեմմա, ՀԱԿ-ից պարբերաբար զանգում են, գալիս են: Ես անչափ շնորհակալ եմ էդ ազնիվ մարդկանցից: Իսկ էդ «Ժառանգություն» կուսակցությունը մի օր չի հարցրել որպիսությունս: Ես դիմել եմ նրանց, որ բժշկական օգնություն ստանալու համար աջակցեն, ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց ոչ մի արձագանք: Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի համար որպես մայր` մի մոծակ ենք: Հայ մայրերին կոչով եմ դիմում. «Մի ուրվական է շրջում երկնքում, անմեղ զոհերի ուրվականն է, մայրեր աշխարհի, տեր կանգնեք ձեր իրավունքերին: Այն մայրերը, ովքեր չեն ակտիվանում, չեն պայքարում, մեր ցավը չեն կիսում, ուրեմն կողմ են մարտի 1-ի ջարդին: Սակայն մի օր` հեռու չէ այդ օրը, վիշտը կթակի նաև իրենց դուռը: Թուրքի փափախով հայ քաղաքական այրեր, մարդասպաններ` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Տիգրան Թորոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան, Գագիկ Հարությունյան, ազգին մեկ տանի կործանման, մայրերին արցունք մի բերեք, սև զգեստ մի հագցրեք»:

Ինչի՞ հայկական սփյուռքը անընդհատ հիշում ա 100 տարի առաջ եղածի մասին, իսկ ոչ մի բան չի անում 2008-ի մարտի 1-ի զոհերի համար: Ինչի՞ Հունաստանում մի երիտասարդի համար հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց, իսկ մեզ մոտ` ոչ: Ինչի՞ հանրահայտ Շառլ Ազնավուրն ու այլ հայտնի մարդիկ չեն խոսում, ինչի՞ են լռում:

Ես հաշմանդամ եմ, բայց ես մեռնելու միտք չունեմ, որովհետև պայքարելու եմ մեր երեխաների, հաջորդ սերունդների համար, ես այսօր էլ շատ կուզեի գնայի հանրահավաքի, բայց անկողնային պառկած եմ: Ու չնայած իմ որդին ապրիլի 16-ին է ծնվել, ես, թերևս, այսօր նշեմ նրա ծնունդը` արժանապատիվ մարդու ծնունդը»: