Մարտի 3-ին` ժամը 10:00-ին, Երևանում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի առջև:
«Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Ամեն ինչ անելու ենք` ակցիաներ, բողոքի ցույցեր, մինչև մեզ նորմալ չընդունեն ու չխոսեն մեզ հետ»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել են առևտրականները:
Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս է` մարդիկ բողոքում են բացօթյա առևտրի արգելքի դեմ: Բազմաթիվ բողոքի ակցիաների ընթացքում նրանք նշում էին, որ իրենց համարժեք պայմաններ չեն առաջարկվում, և կարծիք հայտնում, որ արգելքի պատճառը երևանյան խոշոր սուպերմարկետներին հավելյալ հաճախորդներով ապահովելն է:
Փետրվարի 28-ին քաղաքապետարանի առջև կայացած բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, ոստիկանները, հրելով և հարվածելով, մարդկանց հեռու են պահել քաղաքապետարանի շենքի մոտակայքից: Միջադեպի հետևանքով բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կոտրել էր ոտքը:
«Մենք ոչ մի բան չգիտենք էդ խեղճ կնոջ մասին, մենք փորձեցինք հետարքրքվել նրանից, նրա հետ առևտուր իրականացնողներից, բայց իրանք էլ ասում են, որ չեն տեսել, ոչ մի բան չգիտեն: Ուզում էինք խոսայինք ու ասեինք, որ հաստատ հատուցում ենք պահանջելու էդ դեպքի հետ կապված, ու հանկարծ չվախենա, բայց չենք կարում գտնենք»,- ասել է բողոքավորներից մեկը: