Եվրամիությունը մեծացրել է իր դերակատարությունը Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Աբխազիայում, սակայն նույնը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի մասին, որը, լինելով ամենավտանգավոր գոտին, դարձավ այն տարածքը, որտեղ ԵՄ-ն նվազագույն հետաքրքրություն ցուցաբերեց: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական Քաղաքական կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:
«Եվրամիությունը ղարաբաղյան համակարտության կարգավորումը թողեց ԵԱՀԿ ՄԽ-ին, ինչը շատ հարմար էր ՄԽ-ի համանախագահող երկիր Ֆրանսիային: Այս մոտեցումը պետք է փոխվի: Եվրամիությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում, ինչը սակայն տեղի չի ունենում»,- նշել է նա:
Ֆրանսիան ներկայացնող համանախագահներից մեկը, Փոլի կարծիքով, քչախոս է տեղակատվության տրամադրման տեսանկյունից: «ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի, որպեսզի ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի ղարաբաղյան հակամարտության հարցում:»
Միևնույն ժամանակ, Փոլը նշել է, որ Եվրամիությունը չի կարող լուծել խնդիրը, «խնդրի լուծումը բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ձեռքերում է»:
«Ֆրանսիան պետք է փոխանցի իր միջնորդի դերը ԵՄ-ին, անկախ այն հանգամանքից` այդ գաղափարը դուր է գալիս Ֆրանսիային և Հայաստանին, թե ոչ: Սակայն ԵՄ-ին անհրաժեշտ է ցույց տալ, որ իր դերը մեծանում է տարածաշրջանում, և ոչ թե նվազում` հատկապես ԱՄՆ-ի դերի նվազման և Մոսկվայի դերի բարձրացման լույսի ներքո», – ասել է Ամանդա Փոլը: