ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կարծիքով` ՀՀ կառավարության` գների զսպման մասին երեկվա որոշումը ճիշտ մոտեցում չէ: Այս մասին նա հայտարարել է civilitasfoundation.org կայքին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարության կողմից ընդունված օրենսդրական նոր գործիքը կաշխատի:
«Գների զսպման հարցում պետական միջամտությունը երբեք արդյունավետ չի եղել: Հակառակը, նման մոտեցումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ շուկայի հավասարակշռության վրա: Կառավարությունը պետք է գնա ոչ թե օրենսդրական, այլ բարեփոխումների ճանապարհով: Սղաճը, ըստ էության, ունի երկու աղբյուր` ներքին և արտաքին: Երկրի ներսում, երբ պահանջարկն առաջարկից մեծ է, գները, բնականաբար, բարձրանում են: Սակայն, այսօր Հայաստանում այդ վիճակը չէ. պահանջարկը ցածր է, տնտեսությունը շատ դանդաղ է աճում, գնողունակությունը նույնպես շատ ցածր է: Մի խոսքով, Հայաստանը գտնվում է ստագֆլյացիայի մեջ, այն է` սղաճ նվազագույն աճի պայմաններում: Հայաստանի սղաճը գալիս է դրսից: Քանի որ համաշխարհային գներն աճում են, և մենք իրոք մեծ կախվածության մեջ ենք ներկրվող ապրանքներից, դա անդրադառնում է մեզ վրա: Սակայն նվազագույնը, ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը, բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների հանդեպ մենաշնորհային իրավունքների վերացումն է: Եթե լինի մրցակցություն այնպիսի առաջնահերթ ապրանքների դաշտում, ինչպիսիք են սննդամթերքը և վառելիքը, ապա գնաճը պայմանավորված կլինի մրցակցությամբ, իսկ գների արտառոց աճը կսանձվի», – հայտարարել է Օսկանյանը:
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` այսօր կառավարության առջև ծառացել է չորս խնդիր.
«Առաջինը, վերականգնել մակրոտնտեսական կայունությունը: Այսինքն` մեր ազգային պարտքը և բյուջեի դեֆիցիտը բերել ավելի կայուն մակարդակի: Այսօր մեր ազգային պարտքը և բյուջեի դեֆիցիտը անցել են ընդունելի սահմանները:
Երկրորդ խնդիրը աճի խթանումը և աղքատության կրճատումն է: Ներկայիս տնտեսական աճի մակարդակը, եթե հաշվի առնենք 2009 թվականի 14 տոկոսանոց անկումը, վտանգավոր ցածր է: Այսպիսի տեմպով ընթանալու դեպքում, նախկին դիրքերը հետ նվաճելու համար երկար ժամանակ կպահանջի: Աղքատությունը 40 տոկոսի սահմաններում է, սա աղետալի է: Դա նշանակում է, որ ևս ավելի քան 200 հազար մարդ ապրում է ավելի հուսահատ ու ծանր պայմաններում, քան ասենք, երեք տարի առաջ:
Երրորդ, կառավարությունը պետք է կրճատի նաև արտաքին անհավասարակշռությունը: Տարբերությունը ներմուծումների և արտահանումների միջև կազմում է ՀՆԱ-ի 29 տոկոսը: Սա չափազանց մեծ թիվ է:
Եվ չորրորդ, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներն անհրաժեշտություն են: Ահա այստեղ է, որ հնարավոր է լուծել մենաշնորհների խնդիրը:
Վերոնշյալ խնդիրների միաժամանակյա լուծումը կառավարությանը կկանգնեցնի մի քանի երկընտրանքների առաջ: Օրինակ, ազգային պարտքի և բյուջեի դեֆիցիտի նվազեցումը պահանջում են գործողություններ, որոնք հակասության մեջ են մտնում աճի խթանման համար անհրաժեշտ քայլերի հետ: Երկրորդ երկընտրանքը. արտաքին անհավասարակշռության նվազեցումը ենթադրում է այլ քայլերի կողքին, նաև ազգային դրամի արժեզրկում: Դա հակասում է սղաճը սանձելու քայլերին: Երրորդ երկընտրանքը. այսօր պահանջվող բարեփոխումների բնույթը և ծավալը առաջին հայացքից հակասում է օլիգարխների շահերին: Այդպիսով, մենք չենք կարող առաջ շարժվել առանց հանգուցալուծումների: Սակայն ելնելով ներքին քաղաքական իրավիճակից և կառավարության ու բիզնեսի միջև առկա չափազանց սերտ կապերից, ինչպես նաև շուկայական տնտեսության անկատարությունից՝ գրեթե անհնար է դառնում քանդել այդ կապերը», – հայտարարել է Օսկանյանը: