Այսօր ժամը 17.00-ի սահմաններում Աջափնյակ համայնքի Հալաբյան փողոցում՝ Արդարադատության նախարարության մոտակայքում գտնվող շենքերից մեկի մուտքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի ակիվիստ Աննա Մալխասյանից խլել են թռուցիկներով տոպրակը:
Epress.am-ի հետ զրույցում Մալխասյանն ասել է, որ երկրորդ հարկում է եղել, երբ իր հետևից մի երիտասարդ է բարձրացել և ձեռքից խլելով թռուցիկներով տոպրակը` փախել է:
«Երբ ես նրա հետևից վազեցի և բղավեցի, որ տոպրակս գողացավ, բակում կանգնած մի քանի երեխաներ ասացին, որ այդ տոպրակը գողացող տղայի անունը Նորիկ է»,- ասել է Աննա Մալխասյանը:
Դրսում լսելով Աննայի ձայնը շենքի մյուս մուտքում թռուցիկ բաժանող մեկ այլ ակտիվիստ Սաթիկ Առաքելյանը դուրս է եկել և Աննայի հետ միասին վազել է տղայի հետևից, սակայն չեն գտել նրան:
Աննան պատմել է, որ հետագայում, երբ իրենք շրջվել են դեպի մեկ այլ փողոց, տեսել են, որ իրենց հետապնդում է այդ նույն երիտասարդը, որի հետ եղել են ևս երկու քաղաքացիական հագուստով երիտասարդ, որոնք պահանջել են ակտիվսիտ կանանցից հեռանալ այդ վայրից՝ հակառակ դեպքում սպառնալով թռուցիկների մյուս մասն էլ խլել: Երբ կանայք ասել են, որ կդիմեն ոստիկանություն, երիտասարդները ծիծաղել են և հայտարարել, որ իրենք ոստիկանությունից են: Անսալով երիտասարդների սպառնալիքներին՝ ակտիվիստները շարունակել են բաժանել թռուցիկները և այդ ընթացքում երիտասարդները հետևել են նրանց գործողություններին:
Անդրադառնալով միջադեպին՝ Հայ Ազգային Կոնգրեսի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գևորգյանն ասել է. «Օրը ցերեկով ավազակային հարձակում են արել կանանց վրա: Իսկ թռուցիկների մասով՝ ես դա որակում եմ գողություն և կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է դրան ընթացք տան»:
Ի դեպ, Պետրոս Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ Աջափնյակում նախկինում երբևէ նման դեպք տեղի չի ունեցել:
Այս միջադեպը, Գևորգյանի խոսքով, վկայում է այն մասին, որ «իշխանությունների մոտ վախի մթնոլորտ է տիրում»: