Home / Հայաստան / Ոստիկանները պետք է լռեն. Արամ Աբրահամյանը` պաշտոնյաների մասին

Ոստիկանները պետք է լռեն. Արամ Աբրահամյանը` պաշտոնյաների մասին

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում անդրադարձ է կատարել Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Տրամաբանությունը հուշում է, իսկ օրենքները պահանջում են, որ ոստիկանությունը, ինչպես նաև իրավապահ և ուժային այլ մարմիններ պետք է լինեն ապաքաղաքական: Նման պահանջ կա, բնականաբար, նաև Հայաստանի օրենքներում: Այսինքն` եթե դու, ենթադրենք, հակահետախույզ ես, ապա քո պարտականությունն է հայտնաբերել և չեզոքացնել օտարերկրյա լրտեսներին, անկախ նրանից` քո երկրի ռեժիմը ժողովրդավարական է, թե տոտալիտար, կամ իշխանության գլխին սոցիալիստներն են կանգնած, թե լիբերալները: Բնականաբար, դու չպիտի նաև այդ հարցերով դատողություններ անես, որովհետև` եթե սկսես անել, ես քեզ կարող եմ կասկածել, որ դու ոչ թե լրտես ես բռնում, այլ հետապնդում ես նրանց, ում քաղաքական հայացքները դու կամ քո վերադասները չեն հավանում:

Բայց արի ու տես` մեր բարձրաստիճան ոստիկանները վերջերս որոշել են հանդես գալ քաղաքական գործիչների կամ առնվազն` մեկնաբանների դերում: Եթե այդ գործը իրենց շատ է դուր գալիս, ապա, անշուշտ, իրենց իրավունքն է` թող պաշտպանեն իշխանությանը ընդդիմությունից կամ հակահեղափոխականներին` հեղափոխականներից: Միայն թե այդ դեպքում նրանք պետք է թողնեն իրենց ծառայությունը (ներառյալ տարբեր բիզնեսներին «տանիք» կանգնելը) և դառնան ազատ քաղաքացիներ: Սակայն նրանք շարունակ խոսում են քաղաքական թեմաներով հենց իրենց ներկա` ոստիկանական կարգավիճակով: Այդպես էին վարվում թե Ռոբերտ Մելքոնյանը` «Կենտրոնի» եթերում, թե Խաչատուր Ավետիսյանը`Հանրապետության  հրապարակում, և վերջապես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նույն վայրում: Այդ ոստիկանները գնահատում էին այս կամ այն քաղաքական ուժի վարքագիծը, որոշում էին` լա՞վ բան է հեղափոխությունը, թե՞ վատ: Այսինքն` մտնում էին իրենց իրավասություններից դուրս գտնվող ոլորտներ:

Առավել ևս, որ հեղափոխությունը բավականին բարդ երևույթ է: Օրինակ, 20-րդ դարի սկզբի Ռուսաստանում այսպես կոչված`«արծաթե դարի» արվեստագետները հաճախ էին խոսում հեղափոխությունից (ոստիկանապետն այդ փաստը կարող է ճշտել իրեն աջակցող հասարակական խորհրդից): Բայց հեղափոխությունն այդ մտավորականները պատկերացնում էին որպես հոգևոր, մշակութային երևույթ, ոչ թե այնպես, ինչպես որ դա անում էին բոլշևիկները`«բուլիժնիկներով», փոստի հեռագրատան գրավումով և այլն: Կամ 1970-ական թվականներին Դեն Սյաոպինը` Չինաստանում, անշուշտ, հեղափոխություն է իրականացրել, սակայն դարձյալ «Ավրորայի» նավաստիներն այնտեղ չերևացին: Այդ երկրորդ տարբերակն ինձ էլ դուր չի գալիս. մի թեթև ձևափոխելով հայտնի ասացվածքը` կարելի է ասել, որ այդ` «նավաստիական» տիպի հեղափոխությունը հղանում են իշխանատենչները, իրականացնում են միամիտները, իսկ օգտվում են դրանցից տականքները: Ես այդպես եմ կարծում, բայց ես ոստիկան չեմ, իմ ձեռքին չկա մահակ, որով ես տեղի-անտեղի կարող եմ խփել մարդկանց գլխներին` ելնելով իմ նախասիրություններից և վերևների ապօրինի հրամաններից:

Ոստիկանները, կրկնեմ, այս հարցի շուրջ պետք է լռեն»: