Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի խաղաղության մեջ, քանի որ տարածաշրջանում պատերազմի վերսկսումը միաժամանակ կարող է նպաստել Ռուսաստանի հարավային տարածքների ապակայունացմանը: Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ռիա Նովոստիի» քաղաքական վերլուծաբան Դմիտրի Բաբիչը:
«Ռուսաստանը կցանկանար խաղարարի դեր ստանձնել Անդրկովկասում: Զգուշավոր խաղարարի, գրեթե այնպիսին, ինչպիսին Եվրամիությունն է փորձում լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում: Այսինքն, Մոսկվան չէր ցանկանա հակամարտության մեջ կողմերից որևէ մեկին սատարել, չէր ցանկանա իր վրա նման պատասխանատվություն վերցնել, ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրել»,- նշել է նա:
Բաբիչի կարծիքով` հնարավոր է, որ պատերազմ սկսելու Բաքվի որոշումը աջակցություն չստանա ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի, ոչ էլ Ռուսաստանի կողմից: «Արևմուտքը շատ կցանկանար, որ հայ-ադրբեջանական որոշակի հաշտեցում տեղի ունենար, անվտանգության երաշխիքի փոխարեն որոշ տարածքներ վերադարձվեին: Սակայն ես վախենում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում այդ փոխանակումը հնարավոր չէ»:
Նրա խոսքով` ղարաբաղյան հարցում ներկայիս իրավիճակը շահեկան չէ միջնորդներին, օրինակ, հենց միայն նրա համար, որ «ԵՄ-ն կցանկանար, որպեսզի կասպիան նավթը անցնի ոչ թե անկայուն Վրաստանով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով, այլ ավելի տրամաբանական և էժան ուղիով` Հայաստանով»:
Պատասխանելով 2011 թվականին հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին` վերլուծաբանն ասել է «Միակ բանը, որ այսօր կարող է գործել ի շահ Հայաստանի` Ադրբեջանում հնարավոր կոռուպցիան է: Քանի որ իր ռազմական բյուջեով, տեխնիկայի հզորությամբ և մարդկային ռեսուրսներով Ադրբեջանն ավելի ուժեղ է: Սակայն կոռուպցիայի պայմաններում պետության կողմից հատկացվող գումարները կարող են ոչ նպատակային կիրառվել: Պետք է ամբողջությամբ հրաժարվել ռազմական ծառայությունից խուսափելուց, որոնք շատ արդիական էին անցյալ դարի 90-ականներին: Եվ այդ ժամանակ Ադրբեջանը կկարողանա այնպիսի դիրքից խոսել, որը առանց ռազմական ուժի կիրառման ստիպի Հայաստանին որոշակի զիջումների գնալ»: