Ճապոնիայի իշխանությունները ոչ թռիչքային են գնահատել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շուրջ գտնվող օդային տարածքը, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը: Թռիչքներ հնարավոր է իրականացնել ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա միայն: Նշենք, որ երկրաշարժից հետո այստեղ 4 պայթյուն է գրանցվել:
Մարտի 15-ին «Ֆուկուսիմա-1»-ի 4-րդ բլոկում բռնկված հրդեհի հետևանքով բարձր խտության ռադիոկատիվ նյութերի արտանետում է արձանագրվել: Իշխանությունները ատոմակայանից 20-30կմ հեռավորության վրա գտնվող ողջ բնակչության զգուշացրել են փակել դռներն ու պատուհանները:
AFP-ի փոխանցմամբ` ճառագայթման մակարդակը ճապոնական իշխանությունների պնդմամբ վտանգ է ներկայացնում ժողովրդի առողջության համար: Գործակալության տվյալների համաձայն, երեքշաբթի ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել նաև մայրաքաղաք Տոկիոյում, սակայն բնակչության առողջության համար այն վտանգ չի ներկայացնում:
Մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիսում երկրաշարժեր տեղի ունեցան, որի մագնիտուդը գնահատվել էր 8,9: Այս երկրաշարժն իր ուժգնությամբ չորրորդն է ողջ պատմության ընթացքում: Ճապոնիայի կառավարությունը գնահատում է տարերային աղետը որպես ամենածանր ճգնաժամը երկրում Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր: